вторник, 28 января 2014 г.


                                                   Կոմիտաս
    
«Մեր ժողովրդական երգերն ու պարերգերը ... բոլորովին այլ եռանդ, այլ զգացմունք և այլ միտք են պարունակում, քան մյուս արևելյան ազգերինը»:
                                                                                                                         Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ: Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Նրա ստեղծագործությունը նկատելի ազդեցություն է ունեցել նաև արևելյան այլ ժողովուրդների երաժշտության զարգացման վրա: Ծնվ. 26.09.1869թ., Քյոթահիա (ներկայիս Թուրքիա): Մահ. 22.10.1935թ., Փարիզ, թաղված է Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում: Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին հատուկ ուշադրություն է դարձվել ԿՈՄԻՏԱՍի երաժշտական դաստիարակությանը: Վաղ տարիքում հիմնովին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը, հավաքել է ժողովրդական երգեր, ստեղծագործական փորձեր կատարել: 1893-ին ավարտելով ուսումը՝ նշանակվել է երաժշտության ուսուցիչ և Մայր տաճարի խմբավար, 1894-ին ձեռնադրվել կուսակրոն աբեղա (անվանակոչվել Կոմիտաս),
1895-ին՝ վարդապետ (Կոմիտաս վարդապետ): 1896-99-ին Բեռլինում, Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և համալսարանում ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, երաժշտության պատմություն և գեղագիտություն, խմբավարություն, մշակել ձայնը, սովորել է նվագել դաշնամուր և երգեհոն: Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր-անդամներից էր, հանդես է եկել հայ երաժշտության մասին զեկուցումներով: 1899-ից Էջմիածնում շարունակել է գիտական, ստեղծագործական և մանկավարժական աշխատանքը, ժողովրդական երգերի հավաքումը, ճեմարանի խմբով համերգներ տվել Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում, Բաքվում, Շվեյցարիայի քաղաքներում և Վենետիկի Մխիթարյան միաբանությունում: 1906-ին Ֆրանսիայի «Լամուրյո» ընկերության երգչախմբի հետ հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները մեծ հաջողությամբ ներկայացրել է Փարիզում:1910-ին տեղափոխվել է Կ. Պոլիս, ստեղծել երգչախումբ, համերգներ տվել Կ.Պոլսում, Ադաբազարում, Պարտիզակում, Ալեքսանդրիայում, Կահիրեում և այլուր: 1915-ի ապրիլի 2-3-ին Ստամբուլի Բայազետ թաղի «Թուրք օջախ» մշակութային կենտրոնի հրավերով հանդես է եկել զեկուցումներով և համերգով: 1915-ի ապրիլի 24-իև թուրքական կառավարության կազմակերպած հայկական կոտորածը ընդհատել է ԿՈՄԻՏԱՍի բեղմնավոր գործունեությունը: Եղեռնի և աքսորի մղձավանջի ազդեցությամբ կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը (Փարիզի հոգեբուժարաններում) չի ապաքինվել: ԿՈՄԻՏԱՍի բազմակողմանի գործունեության մեջ առավել կարևոր են ստեղծագործական, հավաքչական ու գիտական աշխատանքները: Ժողովրդական երգերը նա գրառել է ժողովրդի պատմության ու հոգեբանության խորիմացությամբ և գիտական վերլուծական մոտեցումով: Դրանք դրսևորում են հայ ազգային ոճն ու լեզուն, արտահայտչամիջոցների բազմազանությունն ու ինքնատիպությունը:
ԿՈՄԻՏԱՍի հեթանոսական հորովելները, «Սասունցի Դավիթ» և «Մոկաց Միրզա» վիպական ասերգերը, միջնադարյան անտունիները և հոգևոր տաղերը, հիրավի, պատմամշակութային խո շոր հայտնագործություններ են:ԿՈՄԻՏԱՍի հայկական, գեղջկական երգերը ժողովրդական երգարվեստի յուրատեսակ պատմագրությունն են: Տեսական աշխատանքներում ԿՈՄԻՏԱՍը բացահայտել է ժողովրդական երաժշտության կենսական հիմքերը, երգաստեղծության սկզբունքները և հատկանիշները, դասակարգել տեսակներն ու բնութագրել գեղագիտական արժանիքները: Սկզբունքորեն կարևոր են ԿՈՄԻՏԱՍի՝ ժողովդրական և հոգևոր երաժշտության միասնության հիմնադրույթը և հնագույն խազագրությանն առնչվող մտահանգումները: ԿՈՄԻՏԱՍի ստեղծագործությունը, որ գլխավորապես վոկալ՝ մեներգային և խմբերգային է, բաժանվում է երկու հատվածի՝ ժողովրդական կամ հոգևոր սկզբնաղբյուրի վրա հիմնված և բուն հեղինակային գործեր («Առ գետս Բաբելացւոց» սաղմոսը, Հ. Պարոնյանի խոսքերով՝ «Քաղաքավարության վնասներ» երաժշտական պատկերները, Հ. Հովհաննիսյանի խոսքերով՝ «Ո՞ւր ես գալի, ա՛յ գարուն» կանտատը, Թումանյանի խոսքերով՝«Մութն էր Երկինքը» ռոմանսը, «Կաքավի երգը» ևն): ԿՈՄԻՏԱՍն առավել կարևորել է ժողովրդական սկզբնաղբյուրին հիմնված երկերը («Գարուն ա», «Քելեր, ցոլեր», «Լոռու գութաներգ», «Ծիրանի ծառ», «Անտունի», «Լուսնակն անուշ» ևն), որոնցում զգացվում է ժողովրդական նյութի նկատմամբ ԿՈՄԻՏԱՍի անհատականության զորեղ ներգործությունը, ներդաշնակության, մասնավորապես բազմաձայնության բացառիկ ինքնատիպ և ժամանակի նորագույն միջոցների ու հնարքների վարպետ կիրառումը, ժողովրդական երաժշտության և ժամանակակից եվրոպական կոմպոզիցիոն միջոցների խելամիտ համադրումը: ԿՈՄԻՏԱՍի ստեղծագործությունը լայն հեռանկարներ բացեց ազգային երաժշտարվի զարգացման գործում, նկատելի ազդեցություն ունեցավ արլ. այլ ժողովուրդների երաժշտության զարգացման վրա:
ԿՈՄԻՏԱՍի անունով են կոչվել լարային քառյակ, Երևանի կոնսերվատորիան, կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը ևն, արձաններ են կանգնեցված Երևանում, Էջմիածնում, Փարիզում և այլուր:
* * * *
«Ոչ ոք ինձ չի կարող մեղադրել չափազանցության համար, եթե ես ասեմ, որ Կոմիտասի այդ համերգը (1906 թ., Փարիզ) մի հեղաշրջում էր և իր հայտնությամբ զարմացրեց մեզ: Ներկաներից ոչ ոք, ի բացառյալ նուրբ գիտակների, պատկերացնել չի կարող այդ արվեստի գեղեցկությունը, որը, ըստ էության, ոչ եվրոպական է, ոչ արևելյան, բայց եզակի է իր տեսակի մեջ»: Լուի Լալուա
                                                        Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, երաժշտական քննադատ
          «Առ գետս Բաբելացվոց» ստեղծագործությունը գրված է Դավթի 137-րդ սաղմոսի գերմաներեն տեքստով 4-8 ձայնանի երգչախմբի, սոպրանոյի, տենորի եւ երգեհոնի համար։ Հին հրեաների խոշտանգումն ու բաբելացիների նկատմամբ նրանց ցասումն ու վրեժը կոմպոզիտորի կողմից յուրատեսակ մեկնաբանում է ստացել։ Կոմիտասը, կարծեք, Աստվածաշնչի առասպելական հեռուներից «անցում է կատարել» դեպի իր ժողովրդի ժամանակակից կյանքը, արտահայտել հայերի ազգային վիշտը եւ յուրովի շոշափել նրանց ազատագրական խնդիրը։ Բիբլիական նյութը ռեալիստորեն մեկնաբանելով եւ օտար սյուժեն իր ժողովրդի կենսական խնդիրներին ենթարկելով՝ կոմպոզիտորն ստեղծագործության մեջ հանդես է եկել որպես քաղաքացի-արվեստագետ։ «Առ գետս Բաբելացվոցը» գրված է ընդհանուր դասական երաժշտական արտահայտչամիջոցներով, ունի շարունակ հոսող մեղեդային գիծ, հիմնականում հոմոֆոն կերտվածքում ձայները բավականաչափ ինքնուրույնացված են, համեստ ու խելացիորեն օգտագործված են պոլիֆոնիայի որոշ հնարներ, ռիթմը բազմազան է։ Սաղմոսի երաժշտական լեզուն ինչ-որ չափով ազգային երանգ ունի։ Կոմիտասն այստեղ նույնիսկ օգտագործել է հայկական մոտիվներ՝ «Մայր Արաքսի ափերով» եւ «Ես լսեցի մի անուշ ձայն» երգերի սկզբնական դարձվածքները։Կոմպոզիտորի հայրենասիրական զգացմունքների վառ արտահայտություններից է նաև Գերմանիայում գրված «Մայրենի լեզու, մայրենի բարբառ» երգը՝ Ստեփանոս Նազարյանի բանաստեղծությամբ։ Կոմիտասը լավ էր հասկանում ժողովրդի ազգային ազատագրման համար մայրենի լեզվի պրոպագանդման մեծ նշանակությունը։  Երկձայն խմբի համար գրված «Մայրենի լեզու, մայրենի բարբառ» երգում զգացվում է հայկական քաղաքային քնարական երգերի ազդեցությունը։ Այդ ստեղծագործությանը տարիներ հետո պետք է արձագանքեր Ներսես Մեզպուրյանի «Ով, մեծասքանչ դու լեզու» ոտանավորով ժողովրդականացած երգի կոմիտասյան մշակումը, որն աչքի է ընկնում խմբերգային գրության կատարյալ վարպետությամբ։ «Եվրոպեիզմները», որոնք երգում բավական ակնհայտ են, չխանգարեցին, որ այն լայն տարածում գտնի՝ դառնալով ժողովրդի նվիրական հույզերի արտահայտիչը։  Կոմիտասի՝ ժողովրդական սկզբնաղբյուրից անկախ ստեղծագործություններից են նաև «Գարուն» ծավալուն խմբերգը (խոսք՝ Հովհ.Հովհաննիսյանի), «Ճեմում էի բուրաստանում» ռոմանսը (խոսք՝ Հովհ.Հովհաննիսյանի), «Հայկական ընդհանուր բարեգործական միության քայլերգը» և այլն։ Կոմպոզիտորի ինքնուրույն ստեղծագործությունների շարքում են նաեւ նրա օպերային մտահղացումները։ Ցավոք, քնարական-կենցաղային «Անուշ» (ըստ Հովհ.Թումանյանի), երգիծական-կենցաղային «Քաղաքավարության վնասները» (ըստ Հ.Պարոնյանի), պատմահայրենասիրական «Վարդան» (հավանաբար՝ ըստ Ռ.Պատկանյանի) եւ դյուցազնա-հերոսական «Սասունցի Դավիթ» օպերաների ստեղծման աշխատանքները կոմպոզիտորին չի վիճակվել ամբողջացնել։ «Վարդան» օպերայի մի քանի ուրվագրերով, «Սասունցի Դավթի» մի փոքր դրվագով սահմանափակվում են մեզ հասած ձեռագիր նյութերը։ Ուսումնասիրությունների համաձայն, Կոմիտասն ավարտել է «Քաղաքավարության վնասներ» օպերայի 1-ին եւ 2-րդ, մասամբ 3-րդ պատկերները։ Մեզ են հասել հատվածներ «Անուշ»-ից, որոնք վկայում են օպերայի վառ ազգային ուղղվածության մասին։ Կոմպոզիտորն օգտագործել է թե՛ գեղջկական մեղեդիներ, թե՛ ինքն է գրել ժողովրդական երգի նման պարզ, մատչելի մեղեդիներ։ Օպերայում կան երկու ավարտված վոկալ հատվածներ, որոնց համար Կոմիտասն օգտագործել է նաև գուսանական երգեր։
 Կոմիտասի կոմպոզիտորական ժառանգության մեջ կան ստեղծագործություններ, որոնք, կարծեք, ժողովրդական երգի մշակումներ լինեն։ Օրինակ, «Կաքավիկը» (Հովհաննես Թումանյանի խոսքերով), «Ալագյազը» (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով), «Սիփանա քաջերը» (Մանուկ Աբեղյանի տեքստով), «Անտունին» եւ այլն։ Այնինչ դրանք հեղինակային ստեղծագործություններ են... Կոմիտասի հայտնի ստեղծագործություններից է «Կաքավի երգը» (կամ «Կաքավիկը» )՝ գրված մենակատար-երգչի, երգչախմբի եւ դաշնամուրի համար։ Այն ծնվել է կոմպոզիտորի եւ հայ հայտնի բանաստեղծ Հովհաննես Թումանյանի համագործակցության արդյունքում։ Մեղեդին, տեքստն ու նվագակցությունը անքատելի միասնություն են կազմում։ Վոկալ պարտիայում լսվում է լեռնային կաքավիկի ձայնը, իսկ դաշնամուրային նվագակցությունը նկարագրում է նրա չարաճճի եւ կենսուրախ բնավորությունը։
 Կոմիտասի «Սիփանա Քաջերը» (կամ «Լո-լո»-ն) հերոսական ոգով համակված խմբերգային ծավալուն կոմպոզիցիա է։ Արտահայտիչ են տենորային պարտիայի կտրուկ քայլերը, որոնք նկարագրում են հայ արի զինվորների մարտական կոչերը։«Անտունին» խորը հոգեբանական ստեղծագործություն է, որտեղ նկարագրվում են «տնավեր» պանդուխտի ապրումները, իղձերն ու կարոտը։ Երաժշտության և պոեզիայի օրգանական միասնության շնորհիվ Կոմիտասը ստեղծել է հայ պանդուխտի արտակարգ ուժով համակված կերպարը։ Մեղեդին աչքի է ընկնում հուզական լարվածությամբ և դրամատիզմով, իսկ հաճախակի հանդիպող պաուզաներն հառաչանք են հիշեցնում։ «Անտունիի» հարուստ և ծավալուն ձևը՝ օժտված ներքին միասնական զարգացմամբ, թույլ է տալիս խոսելու երգային ժանրի սիմֆոնիզացիայի մասին։ Հիմնական կերպարի բացահայտմանն է նպաստում նաև դաշնամուրային նվագակցությունը։ Այն աչքի է ընկնում մեծ ձայնածավալով. կոմպոզիտորն ազատորեն օգտագործում է թե՛ ստորին, թե՛ վերին ռեգիստրները՝ ստեղծելով խորը ու, միաժամանակ, թափանցիկ հնչողություն։

Комментариев нет:

Отправить комментарий