четверг, 7 мая 2015 г.

Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854 թվականի դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Հայրը հողագործ էր, գիտեր մի շարք արհեստներ, օժտված էր բանաստեղծելու և երգելու ձիրքով։ Ծնողները շատ ուշադիր էին որդու ուսման նկատմամբ։ Նախնական կրթությունը Գրիգորը ստացել է մասնավոր դպրոցում, որտեղ սովորել է երեք տարի։ Շուտով մեծ դժբախտություն է վրա հասնում. մահանում է հայրը, ընտանիքը ընկնում է կարիքի մեջ։ Մայրը ամեն ինչ անում է, որ որդին շարունակի ուսումը։ Տասներկու տարեկան Գրիգորը մասնավոր դպրոցից տեղափոխվում է ուրիշ դպրոց, որտեղ ուսման վարձը ավելի մատչելի էր, իսկ երկու տարի հետո ընդունվում է Շուշիի թեմական հայկական դպրոցը, որտեղ ուսանում է վեց տարի։ Այստեղ Գրիգորը ստանում է լուրջ կրթություն. սովորում է հայոց պատմություն, հայոց լեզու, մատենագրություն, աշխարհագրություն, ֆրանսերեն ու ռուսերեն։ Դպրոցում էլ սկսում է առաջին գրական փորձերը։ Դպրոցն ավարտելուց հետո նա մեկ տարի հայոց լեզու և պատմություն է դասավանդում տեղի հայկական դպրոցում։
1877-ին ապագա գրողը շրջագայում է Սյունիքում և Արցախում, ծանոթանում պատմական հոյակապ հուշարձաններին, հինավուրց հայկական քաղաքների ու ամրոցների ավերակներին, ազգային ավանդույթներին ու սովորույթներին։
1878-ին Մուրացանը տեղափոխվում է Թիֆլիս։ Այնտեղ նյութական սուղ պայմաններից դրդված, կարճ ժամանակում հաշվապահություն է սովորում ու աշխատանքի անցնում տեղի առևտրական տներից մեկում։

 Հոգեմաշ աշխատանքին զուգընթաց՝ նա կարողանում է մի փոքր ժամանակ գտնել և իրեն նվիրել գրականությանը։ 1881-ին նա գրում է իր առաջին գեղարվեստական լուրջ երկը՝ «Ռուզան» պատմական դրաման և «Մուրացան» կեղծանունով ներկայացնում Հայ թատրոնի վարչությանը։ Դրաման անսպասելի հաջողություն է բերում հեղինակին։ Ամենուրեք խոսում են նոր տաղանդի մասին։ Հայ հարուստները խոստանում են միջոցներ տալ գրողին՝ արտասահման գնալու և կրթությունը շարունակելու։ Սակայն խոստումները շուտով մոռացվում են և Մուրացանը մինչև կյանքի վերջ ստիպված է լինում հաշվապահի պաշտոնը համատեղել գրական աշխատանքի հետ։ Կենսագրական այդ դառը փաստից նա ստեղծում է «Հասարակաց որդեգիրը» ազդեցիկ պատմվածքը։
1889 թ. «Նոր դար» լրագրում տպագրվում է «Խորհրդավոր միանձնուհի» վիպակը։ 1896-ին «Արձագանքում» տպագրվում է «Գևորգ Մարզպետունի» վեպը։ «Լումա» ամսագրում լույս են տեսնում «Նոյի ագռավը» պատմվածքը (1899 թ.) և «Առաքյալը» վիպակը (1902 թ.)։
շՄուրացանը հռչակվում է։ Բայց ծանր աշխատանքը խոր ազդեցություն է թողնում նրա հոգեկան աշխարհի վրա. 1908 թվականին երևան են գալիս հոգեկան խանգարման նշաններ։ Մուրացանը վախճանվում է 1908 թվականի օգոստոսի 30-ին 54 տարեկան հասակում՝ անավարտ թողած իր ստեղծագործական մտահղացումները։

Комментариев нет:

Отправить комментарий