вторник, 27 мая 2014 г.

Իսրայել Օրի

Իսրայել Օրի
Հայաստանի ազատագրության խնդրով 1677–ին Էջմիածնի գաղտնի ժողովում ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1679–ի դեկտեմբերին մեկնել է Կոստանդնուպոլիս։ Պատվիրակության՝ Եվրոպա մեկնելու ձախողումից հետո պատվիրակ արքեպիսկոպոսներից մեկի հանձնարարությամբ, հայ վաճառականների հետ 1680–ի վերջինս անցել է Վենետիկ, 1683–ին՝ Փարիզ, որտեղ սկզբում զբաղվել է ֆրանսիական բանակի պարենմատակարարմամբ, ապա՝ մտել զինվորական ծառայության՝ հեծելազորի լեյտենանտի, հետո՝ հեծելազորի կապիտանի աստիճանով և 1688-95–ին մասնակցել անգլո–ֆրանսիական պատերազմին։

Իսրայել Օրու արձանը Ջերմուկում
Իսրայել Օրին Եվրոպայում

1698-ին կուրֆյուրստ Հովհան Վիլհելմին ներշնչել է Հայաստանը նվաճելու, նրա թագավորը դառնալու և Օսմանյան կայսրության թիկունքում անկախ Հայաստան ու Վրաստան կազմավորելու միտքը։ Հովհան Վիլհելմը համաձայնել է և Իսրայել Օրու միջոցով թղթեր հղել Քարթլիի Գիորգիի XII թագավորին, հայ մելիքներին, Ամենայն Հայոց և Աղվանից կաթողիկոսներին և մանրամասն տեղեկություններ խնդրել Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական պայմանների մասին։ 1698–ի օգոստոսին Իսրայել Օրին ժամանել է Վիեննա՝ ավստրիական Լեոպոլդ I կայսրից ևս հուսադրող գրություն ստանալու, սակայն մերժվել է Թուրքիայի հետ սկսած խաղաղության բանակցությունների պատճառով։ Այնուհետև մեկնել է Ֆլորենցիա, ստացել Տոսկանյաի դուքս Կոզմաս III–ի համաձայնությունը և 1699–ին ուղևորել Հայաստան։
Անգեղակոթի ժողով

Սակայն Հայաստանում և Վրաստանում իրադրությունը լրիվ փոխվել էր։ Նախկինում ապստամբ Գիորգի XI–ը հնազանդվել և գտնվում էր Սպահանում, իսկ Հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացին ու Գանձասարի Սիմեոն կաթողիկոսը չեն արձագանքել Իսրայելի Օրու ձեռնարկմանը։ Միայն Մելիք Սաֆրազի օժանդակությամբ Իսրայելի Օրուն հաջողվել է Անգեղակոթ ավանում ապրիլին գումարել Սյունիքի 11 մելիքների խորհրդաժողով, որտեղ կազմվել են գրություններ՝ ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, ավստրիական կայսրին, Տոսկանայի դքսին և ռուսաց ցար Պետրոս Մեծին՝ Հայաստանի ազատագրության գործին սատարելու խնդրանքով։ Անգեղակոթի ժողովը Իսրայելի Օրուն է տրամադրել նաև մաքուր, կնքված թղթեր՝ ըստ անհրաժեշտության դիմումներ կատարելու։ Իսրայելի Օրու հետ Եվրոպա է ուղարկվել Մինաս վարդապետ Տիգրանյանցը՝ որպես մելիքների ներկայացուցիչ և Իսրայելի Օրու օգնական։
Ազատագրության ծրագիրը

1699–ի սեպտեմբերին մեկնելով Դյուսելդորֆ՝ Իսրայելի Օրին և Միսակ վարդապետը մշակել ու 1700–ի սկզբին Հովհան Վիլհելմին են ներկայացրել Հայաստանի ազատագրության ծրագիր, ըստ որի, կազմվելու էր եռյակ դաշինք։ Դաշնակիցների բանակը անցնելու էր Ռուսաստանով՝ վերջինիս համաձայնությամբ, հետևաբար, ծրագրի իրագործմանը պետք է մասնակցեր նաև Ռուսաստանը։ Արտաքին օգնությունը դիտվել է որպես ազդակ՝ երկրում ապստամբական շարժում հրահրելու. Հայաստանի ազատագրությունը պետք է իրագործվեր հիմնականում սեփական ուժերով։ Ծրագրում առաջնահերթ տեղը տրվել է պարսկական լծի տակ գտնվող Արևելյան Հայաստանի ազատագրությունը՝ հատուկ ընդգծելով հայ ու վրաց ժողովրդների համատեղ պայքարի անհրաժեշտության գաղափարը։ Ծրագիրն իրականացնելու համար Հովհան Վիլհելմը Իսրայելի Օրուն հանձնարարականներով ուղարկել է Տոսկանայի դքսի և ավստրական կայսեր մոտ, սակայն վերջինս հրաժարվել է Հայաստանի ազատագրման գործին մասնակցելուց՝ Իսպանական ժառանգության համար սկսած պատերազմի պատճառով։ Ավստրիայի հրաժարումը խափանել է եռյակ դաշինքի ստեղծումը և, Արևմուտքից հույսը կտրած, Իսրայելի Օրին 1701–ին մեկնել է Մոսկվա։
Ռուսական կողմնորոշում[խմբագրել]

Ռուսական պետական գործիչների հետ վարած բանակցությունները Իսրայել Օրուն հանգեցրել են այն մտքին, որ քրիստոնյա Ռուսաստանը, որպես մերձավոր և Արևելքում լուրջ քաղաքական ու տնտեսական շահագրգռություններ ունեցող երկիր, ի վիճակի և տրամադիր է սատարելու Հայաստանի ազատագրության գործին։ Ուստի, Իսրայելի Օրին մշակել է նոր ծրագիր, որում Հայաստանի ազատագրական գործում գլխավոր դերը հատկացվում էր Ռուսաստանին։ Այն պետք է տրամադրեր 25-հազարանոց բանակ, որը Դարիալի կիրճով ու Կասպից ծովով մտնելու էր Հայաստան, որտեղ նրան էին միանալու հայ ու վրաց ապստամբները և համատեղ ուժերով, օգտվելով Պարսկաստանի ընդհանուր թուլությունից, կարճ ժամանակում ազատագրելու էին Արևելյան Հայաստանը։ Ըստ Իսրայելի Օրու, ռուսական օգնությունը պետք է զուգակցվեր հայերի ապստամբական լայն շարժման հետ, պրպես ազատագրության և հայրենի պետականության վերականգնման կայուն երաշխիք։ Գիտակցելով, որ Արևելյան Հայաստանն ազատագրելու անհաջող փորձը կարող է վտանգավոր կացություն ստեղծել հայ ժողովրդի համար՝ Իսրայելի Օրին ձգտել է ապահովել Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական կոալիցիան, փորձել հայ ժողովրդի ազատագրական պայքարը դուրս բերել ազգային պարփակվածությունից։ Այդ նպատակով էլ սերտ հարաբերություններ է հաստատել Մոսկվա ապաստանած Իմերեթի թագավոր Արչիլ II–ի, իսկ հետագայում՝ նաև անդրկովկասյան այլ գործիչների հետ։ Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701–ի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայելի Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702–ի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն շվեդական պատերազմից հետո։ 1703–ին Իսրայելի Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությունն է ներկայացվել նաև Հայաստանի քարտեզը։
Իսրայել Օրին Պարսկաստանում և Կովկասում[խմբագրել]

Դեպի Անդրկովկաս նախատեսվող արշավանքի հաջողության համար Իրանի ներքին կացության վերաբերյալ առավել ճշգրիտ տեղեկություններ հավաքելու և հայ ու վրաց ապստամբական ուժերը համախմբելու նպատակով ռուսական արքունիքը հավանություն է տվել նաև Իսրայելի Օրու առաջ քաշած պարսկական դեսպանության գաղափարին։ Դեպանության նկատմամբ կասկածանք չառաջացնելու նպատակով 1704–ին Իսրայելի Օրին մեկնել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին պարսից շահին ուղղված դիմում, գնել զենք և 1706–ին վերադարձել Ռուսաստան։ Պետրոս Մեծը նույնպես գրել է համանման դիմում, Իսրայելի Օրուն շնորհել ռուսական բանակի գնդապետի աստիճան, նշանակել դեսպանության ղեկավար և 1707–ին ուղարկել Պարսկաստան։ Շքախմբով և ռազմական ջոկատի ուղեկցությամբ Իսրայելի Օրին 1708–ի սկզբին մուտք է գործել պարսկական պետության սահմանները։ Չնայած Իսրայելի Օրու պաշտոնապես Հռոմի պապի դեսպանն էր, սակայն հանդիպել է մեծ արգելքների։ Իրանում գործող արևմտաեվրոպական, հատկապես ֆրանսիական միսիոներները Հուսեին շահին ներշնչում էին, թե Իսրայել Օրու նպատակը հայկական պետության վերականգնումն է։ Այնուամենայնիվ 1709–ին Իսրայել Օրուն հաջողվել է տեսակցել շահի հետ, որից հետո վերադարձել է Անդրկովկաս և այնտեղ մնացել մինչև 1711–ը։ Այդ ընթացքում հանդիպումներ է ունեցել Հայոց կաթողիկոս Ալեքսանդր Ա Ջուղայեցու, Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան–Ջալալյանի, հայ մելիքների և անդրկովկասյան այլ գործիչների հետ, որոնց նպատակն էր ազատագրական շարժման հրահրումը, ընդհանուր ճակատի և հայկական միացյալ զորական ուժերի ստեղծումը։ Եսայի Հասան–Ջալալյանի հետ Իսրայելի Օրին 1711–ին վերադարձել է Աստրախան, որտեղ օգոստոսին, մութ հանգամանքներում հանկարծամահ է եղել։

Комментариев нет:

Отправить комментарий